ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանին հորդորում է վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։
«Մենք անհանգստացած ենք Լաչինում երթևեկության խափանումներով, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղում մատակարարման գծի շրջափակմանը: Կոչ ենք անում Ադրբեջանին վերականգնել տրանսպորտային և էներգետիկ մատակարարումները հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար», – ասված է Twitter–ում հրապարակված հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։