Կանադան կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը

Կանադայի ԱԳՆ շենքը
Կանադայի կառավարությունը իր պաշտոնական թվիթերյան էջում գրառում է կատարել Լաչինի միջանցքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Կանադան ուշադիր հետևում է Լաչինի միջանցքում կատարվող իրադարձություններին։ Կանադայի արտգործնախարարությունն իր պաշտոնական թվիթերյան էջում այս մասին գրառում է կատարել։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին կրկին բացել միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը ՝ խուսափելու համար ցանկացած հնարավոր հումանիտար ազդեցությունից»:
Կանադան նաև կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները խաղաղ երկխոսության միջոցով խնդիրները լուծելու համար:
Ադրբեջանին կոչերով ու հորդորներով ավելի վաղ դիմել էին նաև ԵՄ-ն, ԱՄՆ–ն, Ֆրանսիան, Կիպրոսը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։