Իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից. Շարմազանովը ելք է առաջարկում

Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ իշխանության բռնած դիրքի հետ իրենք չեն համակերպվելու, որովհետև առանց Արցախ չկա Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից ու հիմա էլ ամեն ինչ անում է, որ ժողովուրդը համակերպվի այդ մտքի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները այս պահին բողոքի ակցիա են անում` ի պաշտպանություն Արցախի:
«Խորհրդարանում, մեկը մյուսին հերթ չտալով, ասում են` մենք գնանք Լաչին` ի՞նչ անենք, թող Ռուսաստանի դեսպանը գնա։ Տղա եք` գնացեք Գորիս, Կապան, գնացեք Սև լիճ, Ջերմուկի սարեր, Ստեփանակերտ։ Լաչինի միջանցքի հարցը գցում են ռուսների գրպանը։ Բայց մենք չենք համակերպվելու, որովհետև առանց Արցախի չկա Հայաստան»,– հայտարարեց նա։
Շարմազանովի խոսքով` եթե Հայաստանն ուզում է, որ աշխարհը իր հետ հաշվի նստի, իսկ դաշնակիցներն էլ լսեն իր խոսքը, ապա պետք է միայն մի բան անել։
«Մենք պետք է ցույց տանք, որ մենք ազգ ենք, որ մենք թասիբ ունենք»,– նշեց նա։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։