ՀՀ ԱԳՆ–ում ընդունել են Արցախի պատվիրակությանը. քննարկել են Լաչինի միջանցքի փակման թեման

ՀՀ ԱԳՆ–ում ընդունել են Արցախի պատվիրակությանը
Հանդիպմանը քննարկվել են հայկական կողմերի հետագա գործողությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանը և նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ընդունել են Արցախի պատվիրակությանը՝ արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի փակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մանրամասները, ինչպես նաև հայկական կողմերի հետագա գործողությունները»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։