ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի» նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հանրային քրեական հետապնդում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Պարզվել է, որ նա 2002-2018 թ.–ին զբաղեցնելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախագահի պաշտոնը` միությանը պատկանող որոշ հողամասեր, ընդհանուր 14 հա, տրամադրել է Երևանի քաղաքապետարանին։
Այնուհետև քաղաքապետարանի դեռևս քննությամբ չպարզված պաշտոնատար անձանց ստիպել է պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Աճառյան փողոցի երեք հողամասերը հրապարակային ձևական աճուրդների միջոցով օտարել իր հետ փոխկապակցված անձանց։ Արդյունքում նա հանցավոր ճանապարհով օրինականացրել է այդ հողամասերը:
«2015 թվականի հունվարի 26-ին կնքված պայմանագրերով մոտ 455 մլն դրամ շուկայական արժեք ունեցող Աճառյան փողոցի վրա գտնվող հողամասերը մոտ 170 մլն դրամով օտարվել են Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձանց: Արդյունքում, Երևանի քաղաքապետարանին պատճառվել է մոտ 285 մլն դրամի վնաս»,– ասված է հաղորդագրությունում:
Այնուհետև, Ռուբեն Հայրապետյանը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու և իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, ձևական պայմանագրեր կնքելու և օրինական ճանապարհով գույքերի ձեռքբերման պատրանք ստեղծելու միջոցով, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 161 մլն 733 հազար դրամ կադաստրային արժեքով 8985,35-ական քմ չափերով 3 հողամաս` նախնական համաձայնության գալով իր հետ փոխկապակցված Ա.Ս.-ի, Ս.Ս.-ի և Ա.Գ.-ի հետ:
«Ա.Ս.-ն հողատարածքից 6.955,5 քմ մակերեսով հողատարածքը 2015 թվականի ապրիլի 17-ի նվիրատվության պայմանագրով օտարել է Ռուբեն Հայրապետյանի որդուն, իսկ վերջինս իր հերթին ստացված հողատարածքից 2.023 քմ 2016 թվականի դեկտեմբերի 28-ին նվիրատվության պայմանագրով օտարել է քրոջը՝ Լ.Հ.-ին։ Մյուս հողամասերը` նվիրատվության պայմանագրերով, օտարել է ֆեդերացիայի նախագահի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Կ.Հ.-ին, Գ.Ս.-ին և Օ.Մ.-ի որդուն՝ Ռ.Մ.-ին»,– ասված է հաղորդագրությունում։
Մեղադրանքը ներկայացնելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: