ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել է վերջին երկու օրերին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին: Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Նշվում է, որ Հայաստանը դիմել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։