Գարեգին Երկրորդը Լաչինի հարցով դիմումներ է ուղարկել քույր եկեղեցիների պետերին

Գարեգին Երկրորդ
Մայր աթոռը հորդորում է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին առարկայական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հրահրիչ գործողությունները բացառելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դիմումներ է հղել քույր եկեղեցիների պետերին, միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին Լաչինի հարցով Ադրբեջանի անմարդկային գործողություններին հակազդելու և արցախահայության հումանիտար աղետալի իրավիճակը հաղթահարելու համար: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի սպասումն է, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատականներ կտա մարդու իրավունքների հիմնարար նորմերը ոտնահարող Ադրբեջանի սադրանքներին, որոնք մեծապես վտանգում են տարածաշրջանի փխրուն խաղաղությունը և կայունությունը: Հորդորում ենք նաև Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին, մարդասիրական իր կոչմանը հավատարիմ, շոշափելի և առարկայական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հրահրիչ գործողությունները բացառելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ նշվում է, որ ստեղծված իրավիճակն անվիճարկելի է դարձնում այն իրողությունը, որ արցախահայության անվտանգ կյանքը հնարավոր չէ Ադրբեջանի կազմում:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Ադրբեջանը երեկ անջատել է նաև Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։