Ֆրանսիան կոչ է անում վերականգնել մատակարարումները Լաչինի միջանցքով առանց որևէ պայմանի

Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ադրբեջանին հիշեցրել է իր պարտավորությունների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիան կոչ է անում առանց որևէ պայմանի Լաչինի միջանցքով վերականգնել Լեռնային Ղարաբաղ մատակարարումները՝ և հարգել տեղի բնակիչների իրավունքները։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն նման հայտարարություն է տարածել։
«Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքաշրջանառության անվտանգությունը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով»,- հիշեցնում է իր հայտարարության մեջ Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Ադրբեջանը երեկ անջատել է նաև Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։