Ֆինլանդիան պատրաստ է աջակցել տարածաշրջանում կոնֆլիկտի հաղթահարմանը. Հաավիստոն` ԱԽՔ–ին

Արմեն Գրիգորյանը ֆինն պաշտոնյաներին կոչ է արել հանդես գալ Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատականներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Ֆինլանդիան պատրաստ է աջակցել կովկասյան տարածաշրջանում կոնֆլիկտի հաղթահարմանը՝ այդ թվում նաև ԵԱՀԿ շրջանակներում: Այս մասին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գրիգորյանը
Նա նշել է, որ Ֆինլանդիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի, Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Յուհո Էէրոլայի և Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի հետ։
«Հանդիպումների ընթացքում ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժի, ինչպես նաև դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման արգելափակումը և դրանց հետևանքով առաջացած պարենային ու հումանիտար ճգնաժամը»,–գրել է Գրիգորյանը:
Նա զրուցակիցներին կոչ է արել հանդես գալ Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատականներով:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-ֆիննական հարաբերությունների զարգացմանը։
Հավելենք` նախատեսված է, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 12–16–ը կլինի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում, Ֆինլանդիայի Հանրապետությունում և Շվեդիայի Հանրապետությունում:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։