ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Արցախում՝ երկու տարբեր բնակարաններում հրդեհ է բռնկվել գազի բալոնի պայթյունների հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Բարեբախտաբար, 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն արձանագրվել:
Նշվում է, որ Արցախում բնակիչները սկսել են մետաղական գազի բալոններից օգտվել, քանի որ հանրապետությունում բնական գազի մատակարարումը երեկվանից դադարեցվել է։
Իսկ մետաղական գազի բալոնները հրդեհավտանգության տեսակետից բավականին վտանգավոր են:
ԱԻ պետական ծառայությունը հիշեցնում է, որ անհրաժեշտ է պահպանել գազի բալոնների օգտագործման համար սահմանված նորմերն ու պահանջները՝ նախքան դրանց օգտագործումը համապատասխան մասնագետների օգնությամբ ստուգել դրանց սարքինությունը, ինչպես նաև խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է Արցախի գազամատակարարումը, իսկ դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։