ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր գրությունով դիմել է ՆԱՏՕ ԽՎ անդամ պետությունների իր կոլեգաներին։ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ֆեյսբուքյան իր էջում հրապարակվել է նամակը։
Նամակում Քոչարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները և կոչ արել ձեռնարկել համապատասխան քայլեր նմանօրինակ գործողությունները դատապարտելու վերաբերյալ:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։