ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում գազամատակարարման պայմանագրերը 2023 թվականից կփոխվեն։ «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում» համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։
Հանձնաժողովի ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Գոսալմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այժմ պայմանագրերը կերկարաձգվեն մեխանիկորեն, վերակնքելու անհրաժեշտություն չի լինի (նոր պայմանագրերն ավտոմատ ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից, եթե մինչ այդ բաժանորդները չստորագրեն դրանք)։
Ըստ փոփոխությունների` ներտնային գազատարների մոնտաժումը «Գազպրոմ Արմենիայից» բացի, կկարողանան իրականացնել նաև այլ լիցենզավորված ընկերություններ (այդ ընկերությունների աշխատանքը կստուգի «Գազպրոմ Արմենիան», քանի որ հետագայում պատասխանատու է լինելու դրանց անվտանգության համար)։