ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik․ Վաշինգտոնը մշտապես կենտրոնացած է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու և երկու երկրին դեպի համապարփակ կարգավորման ուղի տանելու անհրաժեշտության վրա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
Փրայսը պատասխանել է լրագրողի այն հարցին՝ արդյոք Վաշինգտոնը հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրադրությանն ու այս առնչությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին զրույցներին հայկական և ադրբեջանական կողմերի հետ:
«Մենք հետևողականորեն կենտրոնացած ենք այս մարտահրավերի, լարվածության թուլացման, այս երկու երկրներին կայուն և դեպի համապարփակ կարգավորման ուղի տանելու անհրաժեշտության վրա: Մենք այստեղ՝ Վաշինգտոնում, արտաքին գործերի նախարարների մակարդակով կազմակերպեցինք այդ երկրների հանդիպումը: Նույնը արեցինք Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: Այս ամենից զատ, մեր ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն համագործակցում է երկու երկրների պաշտոնյաների հետ` համոզվելու, որ մենք անում ենք ամեն ինչ և որ ամենակարևորն է, որ այս երկու երկրներն էլ անում են ամեն բան` լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է Նեդ Փրայսը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին առավոտյան Շուշի–Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Ստեփանակերտ–Գորիս մայրուղին։ Ամբողջ գիշեր և այժմ էլ ճանապարհը շարունակում է փակ մնալ։
Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։
Նշենք, որ առաջին անգամ չէ, երբ մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակում են այդ ճանապարհը։ Նախորդ դեպքը եղել էր դեկտեմբերի 3-ին, սակայն ավելի քան 3 ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվել էր։