Ռուբինյանը Փարիզում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված սուր ճգնաժամը

Քրիստիան Կամբոնը վերահաստատել է Սենատի բարեկամությունը և համերաշխությունը հայ ժողովրդի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ Փարիզում հանդիպել է Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին։
«Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը։ Կամբոնը վերահաստատեց Սենատի բարեկամությունը և համերաշխությունը հայ ժողովրդի հետ»,–իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուբինյանը։
Հավելենք, որ Ռուբինյանը Փարիզում է ԵԽԽՎ քաղաքական և մոնիտորինգի կոմիտեների նիստերին մասնակցելու համար։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Ադրբեջանն այսօր անջատել է նաև Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։