Բենգալյան կրակների և նմանատիպ հրավառ նյութերի առևտուրը և կիրառումը լիցենզավորում չեն պահանջի, սակայն հրավառ նյութերի բոլոր արտադրատեսակների և՛ ներմուծումը, և՛ արտադրությունը, և՛ պահեստավորումը լինելու է լիցենզավորման դաշտում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԻ փոխնախարար Արտուշ Գրիգորյան` անդրադառնալով նախարարության մշակած պայթուցիկ ու հրագործական նյութերի ներկրման, արտադրության, պահպանման և շահագործման վերաբերյալ նախագծին։
Նշենք, որ ոլորտի խնդիրների վերաբերյալ խոսակցություններն ակտիվացան «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։
«ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով` հրագործական արտադրատեսակները բաժանվել են 5 դասի. 1-3–րդը կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ են, 4–5 դասերը` տեխնիկական։ Վերջիններն ավելի բարդ կառուցվածք և ավելի բարդ պայմաններ ունեցող հրագործական արտադրատեսակներ են։ Մենք առաջարկել ենք, որ հրագործական արտադրատեսակների գործունեության ճնշող մեծամասնությունը լիցենզավորման դաշտ տեղափոխվի, մասնավորապես` ներմուծումը, արտադրությունն ու պահեստավորումը բոլոր հինգ տեսակների համար լիցենզավորման դաշտում լինեն։ Կենցաղային արտադրատեսակների մասով առևտուրը և կիրառումը լիցենզավորման դաշտում կարող է չլինել»,–ասաց Գրիգորյանը։
Հրատեխնիկական արտադրատեսակների հսկողությունը նախագծի ընդունման դեպքում իրականացվելու է պետական մի շարք կառույցների, ԱԻՆ–ի կողմից։
Փոխնախարարը նաև հայտնեց, որ հրագործական արտադրատեսակների պահեստներին և պահեստավորմանը ներկայացվող պահանջները ևս կխստացվեն, որպեսզի պայթուցիկ նյութերի խանութը տարբերվի պահեստից։
«Որովհետև դրանք տարբեր պահանջներ են ներկայացնում։ Եթե մի բանը արտադրական վտանգավոր օբյեկտ է, ապա ինքը պետք է ունենա օբյեկտին յուրահատուկ պահանջներ։ Միջազգային փորձը հաշվի առնելով` մենք մշակելու ենք պրոֆեսիոնալ փաստաթուղթ, և խախտումների դեպքում համապատասխան մարմինները վերահսկողության գործառույթներ կիրականացնեն»,–ասաց նա` հավելելով` նախատեսվելու է, որ պահեստները բնակելի թաղամասերից հեռու լինեն:
Հարցին` առջևում Ամանոր է, ինչպիսի՞ վերահսկողություն է նախատեսվում, Գրիգորյանը պատասխանեց, որ ամեն ինչ լինելու է իրենց վերահսկողության տակ, արգելվելու է 16 տարեկանից ցածր տարիք ունեցողներին պայթուցիկ նյութեր վաճառելը, հրավառություն կազմակերպելու համար սահմանվելու են հատուկ վայրեր, բացի այդ, ՏԻՄ–ից և վերահսկող տեսչական մարմնից պետք է լինի թույլտվություն։
Նշենք, որ Երևանի ավագանին նոյեմբերի 22-ին կայացած նիստում որոշում է կայացրել արգելել մայրաքաղաքում հրավառությունները` բացառությամբ Հանրապետության և Ազատության հրապարակների։ Այնտեղ էլ հրավառությունը թույլատրվելու է միայն տոն օրերին` տեղական և պետական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ: Առանձին, բացառիկ միջոցառումների պարագայում հրավառությունը կթույլատրի քաղաքապետը։
Հիշեցնենք, որ կա նաև օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է հրավառ նյութերի ներմուծման արգելք` բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների։
Օրենքի նախագիծը խորհրդարանում հավանության արժանանալու դեպքում նոր կարգը կգործի 2023 թվականի հունիսից։
Քաղաքացիներին կթույլատրվի գնել միայն կենցաղային տեսակի հրավառության նյութեր (բենգալյան կրակ, տորթի վրա դրվող փոքր հրավառություն և այլն)։