Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային և հումանիտար ճգնաժամի վտանգի առաջ. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ շենքը
Հայաստանի ԱԳՆ–ն հայտարարում է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը գործնական արտահայտումն է բազմաթիվ ահազանգերի, որ Ադրբեջանը ԼՂ հայության նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն է որդեգրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքը փակելով` Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Ողջ միջազգային հանրության, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրների հրատապ ուշադրությունն ենք հրավիրում, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի»,– նշված է հայտարարությունում։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնում է, որ Լաչինի միջանցքը փակելու պրոպագանդիստական նախապատրաստությունները մեկնարկել էին դեռ ամիսներ առաջ, ու ակնհայտ է, որ սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի պետական մարմինների կողմից՝ նպատակ հետապնդելով Լեռնային Ղարաբաղը կտրել Հայաստանի Հանրապետությունից և այսպիսով՝ արտաքին աշխարհից:
«Այս գործողության հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային և հումանիտար ճգնաժամի վերահաս վտանգի առաջ»,– ասված է հայտարարությունում:
ԱԳՆ–ն հիշեցնում է եռակողմ հայտարարության 6-րդ կետը, որի համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը:
«Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունը: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ միայն ակներեև է դարձնում նրա կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրը հասցեագրելու և այդ նպատակով Ստեփանակերտի հետ երկխոսելու մտադրության բացակայությունը, այլև հերթական անգամ վկայում է պաշտոնական Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակականության մասին»,– ասված է ԱԳՆ հայտարարությունում:
Արցախում մի քանի հիվանդի կյանքին վտանգ է սպառնում. նրանց չեն կարողանում Երևան տեղափոխել
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Լաչինի միջանցքի արգելափակումը գործնական արտահայտումն է բազմաթիվ ահազանգերի, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն է որդեգրել: Ադրբեջանական ԶՈւ կողմից ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները ԼՂ հայության գոյաբանական վտանգը ավելի առարկայական են դարձնում:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նշենք, որ առաջին անգամ չէ, երբ մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակում են այդ ճանապարհը։ Նախորդ դեպքը եղել էր դեկտեմբերի 3-ին, սակայն ավելի քան 3 ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվել էր։