ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքը փակելու պատճառով սննդամթերքի, մասնավորապես հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը որոշ բնակավայրեր Արցախից չի իրականացվում: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները:
«Շուշիի շրջանի վարչակազմը ԱՀ օպերատիվ շտաբի հրահանգով պահպանում է կապը համայնքների հետ և կատարվում են հնարավոր բոլոր գործողությունները այդ համայնքների հրատապ կարիքների բավարարման նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Ստեփանակերտի և հանրապետության այլ բնակավայրերի հետ կապի բացակայությունը կարող է հումանիտար ճգնաժամի պատճառ դառնալ այդ բնակավայրերում:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։