Լաչինի միջանցքի խնդրով միջազգային հանրության հրատապ արձագանքը պարտադիր է. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահը նշում է, որ Արցախի ժողովուրդը կանգնած է գոյաբանական խնդրի առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքի հետ կապված խնդրի առնչությամբ միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է։ Twitter–ի իր էջում նման գրառում է արել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով ավելի քան 120 000 երեխաներ, տարեցներ, կանայք և տղամարդիկ զրկված են կենսական հասանելիությունից դեպի Հայաստան և մնացյալ աշխարհ։ Արդեն 2-րդ օրն է` Արցախի ժողովուրդը կանգնած է գոյաբանական խնդրի առաջ»,–գրել է նա։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Ադրբեջանն այսօր անջատել է նաև Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։