ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik․ Կաունասի (Լիտվա) քաղաքային սիմֆոնիկ նվագախումբը, որը ղեկավարում է աշխարհահռչակ դիրիժոր, Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, և նվագախմբի տնօրեն Ալգիմանտաս Տրեյկաուսկասը արժանացել են «Ոսկե սկավառակ» մրցանակի։ Տեղեկությունը հրապարակվել է delosmusic.com կայքից։
Նրանք այդ մրցանակին են արժանացել արտիստական բարձր մակարդակի և 2022 թվականին ցուցաբերած երաժշտական ակտիվ գործունեության համար։
Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած սիմֆոնիկ նվագախումբը
© Photo : Mass Media
«Դիրիժոր Օրբելյանը և Կաունասի երաժիշտները հիանալի աշխատանք են կատարում։ Նրանց արվեստը բարձր գնահատանքի է արժանի»,– ասել է երաժիշտ, կոմպոզիտոր Ռոբերտ Քամինգսը։
«Ոսկե սկավառակը» Լիտվայի երաժիշտների միության սահմանած գլխավոր մրցանակն է, որն ավելի քան 20 տարի տրվում է տարվա լավագույն երաժիշտներին չորս տարբեր անվանակարգում։
Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանը 2016-2021 թվականներին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր։