ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) խոստացել է մոտ ապագայում մշտական առաքելություններ ուղարկել Զապորոժիեի ատոմակայան և Ուկրաինայի ԱԷԿ-ներ։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ասել էր, որ հանդիպել է Շմիգալի հետ, կողմերը համաձայնեցրել են ուկրաինական բոլոր ԱԷԿ-ներում ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության ապահովման առաքելությունների տեղակայումը։
«Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ առաջիկայում ՄԱԳԱՏԷ-ն տեխնիկական մշտական առաքելություններ կուղարկի Ուկրաինայի բոլոր ատոմակայաններ։ Կազմակերպության անկախ փորձագետները կաշխատեն Զապորոժիեի, Ռովենի, Խմելնիցկի, Հարավուկրաինական, ինչպես նաև Չեռնոբիլի ատոմակայաններում: Դա զգալիորեն կբարձրացնի տեխնիկական և տեխնոլոգիական անվտանգությունը»,-գրել է Շմիգալը Telegram-յան ալիքում։
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։
Սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը: