ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտ- Գորիս ճանապարհը բացելու համար։ Այս հայտարարությունը տարածել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Միաժամանակ ՊՆ–ն արձանագրել է, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը շրջափակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտ- Գորիս ճանապարհային ուղղությամբ քաղաքացիական ավտոտրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։