ԿԲ–ն շարունակում է զսպել գնաճը. վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին բարձրացվել է

ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2022 թ. նոյեմբերի դրությամբ 8.8 տոկոս է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստում այսօր որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով։ Այսպիսով վերաֆինանսավորման տոկոսադրույքն այս պահին ՀՀ–ում կազմում է ընդհանուր 10.75%։
ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել նաև Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 12.25%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%:
Նշենք, որ մինչ այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,5% էր։ Նոյեմբեր ամսին ԿԲ–ի խորհուրդն այն ավելացրել էր 0.5 տոկոսով։
Այս գործիքը ԿԲ–ի կողմից կիրառվում է մասնավորապես ՀՀ–ում առկա գնաճը զսպելու նպատակով։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. նոյեմբերը 2021թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 8.8%, իսկ 2022թ–ի հոկտեմբերի նկատմամբ` 1.1%: