ՀՀ ՄԻՊ–ը ՄԱԿ–ի ներկայացուցչին հորդորել է չանտեսել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքում արդբեջանական գործողությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն առանձնազրույցի ժամանակներկայացրել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասին։ Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
«Քրիստինե Գրիգորյանը Մարդու իրավունքների խորհրդի նախագահին ներկայացնել է ադրբեջանցիների կողմից Հայաստանի հետ Արցախի կապի միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքներն ու ռիսկերը և կարևորել, որ միջազգային կազմակերպությունները չանտեսեն ցեղասպանական քաղաքականության նման ազդակները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կողմերը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի տարբեր մեխանիզմների շրջանակներում նման հարցերի զգայունացման հնարավորությունների մասին։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։