Հարավային Կորեան Ուկրաինային ևս 3 մլն դոլար մարդասիրական օգնություն կտրամադրի

Կիև
Հարավային Կորեան Ուկրաինային 100 մլն դոլարի օգնություն է խոստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հարավային Կորեայի կառավարությունը որոշել է Ուկրաինային ևս 3 մլն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել, քանի որ ձմռանը էլեկտրամատակարարման և ջեռուցման խափանումներ են առաջանում։ Տեղեկությունը հայտնում է Հարավային Կորեայի ԱԳՆ–ն։

«Հարավային Կորեայի կառավարությունը մարդասիրական օգնություն է ցուցաբերում առավել կարիքավոր շրջաններին՝ հաշվի առնելով ձմռան սեզոնին Ուկրաինայի անհետաձգելի հումանիտար կարիքները։ Հարավային Կորեայի կառավարությունը կշարունակի ապագայում ևս մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Հարավային Կորեան Ուկրաինային 100 միլիոն դոլարի օգնություն է խոստացել, որը մաս–մաս տրամադրում է վերջին ամիսներին։
Բացի այդ, նոյեմբերի վերջին Հարավային Կորեայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ երկրի կառավարությունը որոշել է միանալ «Grain from Ukraine» («Ցորեն Ուկրաինայից») նախաձեռնությանը, որով ուկրաինական ցորենը մատակարարվելու է պարենի սուր պակաս ունեցող երկրներին: Այս ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով Հարավային Կորեան 3 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի Ուկրաինային՝ որպես մարդասիրական օգնություն:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 291-րդ օրը։