ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ ԿԲ–ն փորձում է զսպել գնաճը, բայց մյուս կողմից դա կարող է հանգեցնել վարկերի ու բանկային այլ գործառնությունների տոկոսների բարձրացման։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով ԿԲ–ի որոշումը` նման տեսակետ հայտնեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Հայկ Բեջանյանը։
Հայկ Բեջանյան
© Sputnik / Andranik Ghazaryan
Հայտնել ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստում այսօր որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով։ Այսպիսով վերաֆինանսավորման տոկոսադրույքն այս պահին ՀՀ–ում կազմում է ընդհանուր 10.75%։
«Բնականաբար, վարկային տոկոսադրույքների վրա սա իր ազդեցությունը կթողնի, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ բանկերի երկարաժամկետ մի շարք վարկեր կորելացված են հենց այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ: Հետևաբար` այդպիսի փոփոխություններ կարձանագրվեն»,– ասաց Բեջանյանը։
Այդուհանդերձ, նրա խոսքով, ԿԲ–ն, որոշ ռիսկայնություն ստեղծելով վարկառուների համար, միաժամանակ փորձում է պաշտպանել հանրության ավելի լայն շրջանակի շահերը` մեղմելով սպառողական գների բարձրացման մակարդակը։
«Եթե գնաճի ազդեցության կրողը մի ամբողջ հասարակություն է, ապա վարկային համակարգից օգտվողների թիվը շատ ավելի փոքր է։ Հետևաբար` ԿԲ–ն գնում է այն ճանապարհով, որը ենթադրում է հասարակության ավելի մեծ շերտերի շահերի գերադասում ավելի փոքր շերտերի նկատմամբ»,–նշեց տնտեսագետը։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն «գինն» է, որով հայաստանյան բանկերն ու վարկային կազմակերպությունները գումար են փոխառում Կենտրոնական բանկից։
ԿԲ–ից վերաֆինանսավորման տոկոսադրույքով փոխառած գումարը առևտրային բանկերը վերավարկավորում են իրենց հաճախորդներին` իրենց կողմից ավելացնելով վարկավորման տոկոսադրույքները։ Վերաֆինանսավորման ու բանկային վարկերի տոկոսադրույքների տարբերությունից էլ գոյանում է բանկերի եկամուտը։
Տոկոսադրույքը մեծացնելով` ԿԲ–ն, ըստ էության, «թանկացնում է» վարկերը` նվազեցնելով փողի նկատմամբ պահանջարկը, ինչն էլ տնտեսական էֆեկտով հանգեցնում է սպառողական շուկայում գնաճի նվազման կամ առնվազն դրա դանդաղեցման։
Գնաճի զսպման տեսանկյունից` ԿԲ–ի կիրառած այս գործիքը տնտեսագետ Հայկ Բեջանյանն արդյունավետ է համարում` հիշեցնելով, որ Հայաստանում նոյեմբեր ամսվա դրությամբ արձանագրված 8.8 տոկոսանոց գնաճը կրկնակի գերազանցում է ԿԲ–ի սահմանած թիրախային 4–տոկոսանոց գնաճի բնականոն մակարդակին։ ԿԲ–ի հերթական որոշումը, տնտեսագետի խոսքով, սպառողական շուկայում իրական արդյունքի կհանգեցնի արդեն հաջորդ տարվա առաջին ամիսների ընթացքում։
Հայկ Բեջանյանը չի բացառում, որ դրամավարկային պայմանների շարունակական խստացման արդյունքում 2023թ–ին գնաճը Հայաստանում հնարավոր կլինի վերադարձնել ԿԲ–ի նախանշած 4 տոկոսի մակարդակ։
Բեջանյանի համոզմամբ` սպառողական շուկայի կարգավորմանը զուգահեռ, ԿԲ–ն նաև կդադարի բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը կամ նույնիսկ կսկսի քայլ առ քայլ նվազեցնել այն։
«Սա դինամիկ պրոցես է: Կախված այն հանգամանքից, թե տնտեսական ցիկլի որ փուլում ենք գտնվում, ԿԲ–ն բարձրացնում կամ իջեցնում է տոկոսադրույքը։ Եթե մենք հաջորդ տարիներին ականատես լինենք գնանկման կամ ցածր գնաճային տենդենցների, ապա ԿԲ–ն աստիճանաբար կմեղմի դրամավարկային քաղաքականությունը և զսպողից կվերածվի խթանողի։ Իսկ եթե հակառակ զարգացումը լինի, օրինակ` շարունակվեն արտաքին գործոններով պայմանավորված բարձր գնաճային ճնշումները, ապա խստացումները միգուցե շարունակվեն»,– ասաց տնտեսագետը։
Նշենք, որ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը գրեթե պարբերաբար բարձրացրել է 2020թ–ի 44–օրյա պատերազմից սկսած։
2020-ի սեպտեմբերի 15-ին ՀՀ ԿԲ խորհուրդը որոշում էր կայացրել նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ գործող 4.5%-ի փոխարեն սահմանելով 4.25%: Սա,թերևս, վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցմանն ուղղված վերջին որոշումն էր։
Միաժամանակ նշենք, որ սպառողական վարկերը 2020թ–ի սեպտեմբերի դրությամբ հայաստանյան բանկերում տրամադրվում էին 15-16 տոկոս տարեկան տոկոսադրույքով։ Այսօր սպառողական վարկերի տարեկան միջին տոկոսադրույքը ՀՀ–ում կազմում է նվազագույնը 20-22 տոկոս, որը վարկառուի ռիսկայնության ցուցիչից կախված`աճում է։
Այսօր` դեկտեմբեր 13–ին հրավիրված ասուլիսում ներկայացնելով առաջիկա ամիսների կանխատեսումները` ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ մինչև 2022թ–ի ավարտը գնաճը կարագանա` տարվա ավարտին հասնելով 9-9.5 տոկոսի։ Մինչդեռ 2023թ–ի առաջին կիսամյակի համար կանխատեսվում է, որ գնաճը կկայունանա 4-4.5 տոկոսի սահմաններում։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. նոյեմբերը 2021թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 8.8%, իսկ 2022թ–ի հոկտեմբերի նկատմամբ` 1.1%: