Հայաստանում գնաճը մինչև տարեվերջ կարագանա. ԿԲ նախագահ

Մարտին Գալստյան
Բարձր պահանջարկն ու գնաճային բարձր սպասումները դեռ շարունակում են որոշիչ լինել հայաստանյան գնաճի վարքագծում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ կենտրոնական բանկը 2022թ–ի դեկտեմբերին գնաճի արագացում է կանխատեսում։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Այս պահի դրությամբ մեր կանխատեսումը տարվա համար 9-9.5 տոկոսի միջակայքում է»,– ասաց ԿԲ նախագահը։
Գալստյանը նշեց, որ համաշխարհային տնտեսությունում շարունակվում է տնտեսական ակտիվության նվազումը։ Սակայն ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ընդլայնված պահանջարկի ու գնաճային սպասումների արդյունքում ձևավորված գնաճային միջավայրը դեռ պահպանվում է։
Գնաճի կանխման նպատակով ՀՀ ԿԲ–ն այսօր որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով 10.75%` նախկին 10.5-ի փոխարեն։
Գալստյանը նշեց, որ զարգացած երկրների կենտրոնական բանկերը ևս գնաճը զսպելու համար առաջիկայում շարունակելու են խստացնել դրամավարկային պայմանները։
«Գործընկեր երկրներում դրամավարկային պայմանների հետևողական խստացումը կնպաստի համաշխարհային պահանջարկի նվազմանը և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի ճշգրտմանը։ Արդյունքում համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցության թուլացում»,– ասաց նա` հավելելով, որ գնաճի որոշակի դանդաղում արդեն նկատվում է հատկապես ներմուծվող պարենային ապրանքների շուկայում։
Այդուհանդերձ, բարձր պահանջարկն ու գնաճային բարձր սպասումները դեռ շարունակում են որոշիչ լինել հայաստանյան գնաճի վարքագծում։
ԿԲ–ի կանխատեսմամբ` գնաճը Հայաստանում աստիճանաբար կնվազի` միջնաժամկետ հորիզոնում (2023—ի երկրորդ կիսամյակում) կայունանալով նպատակային 4-4.5 տոկոսի սահմաններում։
Գալստյանը շեշտեց, որ անհրաժեշտության դեպքում ԿԲ–ն կիրականացնի գնաճի զսպման անհրաժեշտ միջոցառումներ։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. նոյեմբերը 2021թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 8.8%, իսկ 2022թ–ի հոկտեմբերի նկատմամբ` 1.1%:
ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին տրվող 171,1 մլն դոլարի նոր վարկը