Եվրոպացի պաշտոնյաները խոսել են Ռուսաստանին դիմակայելու ռեսուրսների բացակայության մասին

ԿԵՍԱՐ ինքնագնաց հաուբից. Փարիզ. Արխիվային լուսանկար
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը բողոքել է, որ Ուկրաինայում հակամարտության պատճառով զենքի պաշարները սպառվում են։ ՌԻԱ Նովոստիի սյունակագիրն անդրադառնում է հարցին, թե դա ինչով կարող է սպառնալ Եվրամիությանը։
Sputnik
Դավիդ Նարմանիա. ՌԻԱ Նովոստի

Ոչ թե պահեստներից, այլ զինանոցներից

Բորելն ընդգծել է, որ Կիևը ռազմական օգնություն է ստանում արդեն ոչ թե պահեստներից, այլ գործող բանակների զինանոցներից։ Պարզ ասած` ԵՄ երկրները զինաթափվում են` զինելով ուկրաինական ԶՈւ-ն։
Միաժամանակ պաշտոնյան առաջարկում է չնվազեցնել տեմպերը «քանի դեռ Ուկրաինան չի հաղթել»: Բայց ոչ բոլորն են դրա հետ համաձայն:
Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոն հայտարարել է, որ առնվազն մինչև տարեվերջ նոր մատակարարումներ չեն լինի։ Իսկ հետո` կերևա։
«Տեսնենք, թե կառավարությունն ինչ որոշում կկայացնի»,-հավելել է նա:

Ով որքան կարող է

Ուկրաինային աջակցելը թանկ է նստում ԵՄ-ի վրա։ Գերմանական Statista պորտալի տվյալներով` վերազգային եվրոպական կառույցները դրա վրա 34,99 մլրդ եվրո են ծախսել։ Դրանից 30,32 միլիարդը ֆինանսական աջակցությունն է, 3,1 միլիարդը ռազմական և 1,57 միլիարդը` մարդասիրական։
Պետությունների մակարդակով առաջատարը, ինչպես և սպասվում էր, Գերմանիան է։ Բեռլինը Կիևին 5,5 մլրդ եվրոյի օգնություն է հատկացրել։ Մոտ 1,15 միլիարդը ծախսվել է տնտեսության մեջ «ներարկումների» տեսքով, 1,95 միլիարդը մարդասիրական բաղկացուցիչն է, ևս 2,35 միլիարդը` ռազմականը:
Իսկ ահա արդեն երկրորդ տեղում անսպասելիորեն (ռազմական և տնտեսական ներուժի տեսանկյունից) հայտնվել է Լեհաստանը։ Վարշավան օգնել է ընդհանուր առմամբ երեք միլիարդ դոլարով: Կեսից ավելին` 1,82 միլիարդ, բանակի վրա է ծախսվել։
Հաջորդում է Ֆրանսիան իր առատաձեռն` 1,41 միլիարդ եվրոյով. 800 միլիոնը ֆինանսական բաղկացուցիչն է, 140 միլիոնը մարդասիրական, 470-ը` ռազմական։ Բայց այս բոլոր թվերը բացարձակ են, շատ ավելի խոսուն է մյուս ցուցանիշը` եվրոպական երկրների օգնության ծավալի և դրանց ՀՆԱ-ների հարաբերակցությունը։ Եվ այստեղ առաջատարները գրեթե ամբողջովին փոխվում են։
Էստոնիա - 1,1 տոկոս

Լատվիա - 0,93 տոկոս

Լեհաստան - 0,5 տոկոս

Լիտվա - 0,46 տոկոս

Նորվեգիա - 0,34 տոկոս
Նշենք, որ Համաշխարհային բանկի տվյալներով` նույն Էստոնիան պաշտպանության վրա ընդհանուր առմամբ ծախսում է ՀՆԱ-ի մոտ 2,3 տոկոսը։

Չվերադարձվող փողերը

Գարնան սկզբին Եվրամիությունը հայտնել էր, որ ուզում է Խաղաղության Եվրոպական հիմնադրամն օգտագործել Կիևին ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար։ Սակայն, ինչպես գրում Է Politico-ն, Բրյուսելում թերագնահատել էին աջակցության ծավալները։
Հիմնադրամը, որի բյուջեն մինչև 2027 թվականը 5,63 միլիարդ է, ստեղծվել է դեռ անցյալ տարի աշխարհի տարբեր երկրներին աջակցելու համար։ 2022 թվականին հույս ունեին դրա վրա ընդամենը կես միլիարդ եվրո ծախսել։ Այնուհետև գումարն ընդլայնվեց մինչև մեկուկես միլիարդ` Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության պատճառով: Ամբողջ գումարը սպասելիորեն ծախսվեց Կիևի կարիքների համար։
Նոյեմբերի դրությամբ միայն այդ մասով ծախսերը կազմել են 3,1 միլիարդ։

«Բոնսայ-բանակի» անտառը

Հաջորդ տարի նույնպես Կիևին զենքով օգնելու են: Դեկտեմբերի 12–ին Բորելը հայտարարեց 2023 թվականին Ուկրաինային երկու միլիարդ եվրո հատկացնելու մասին։ Չնայած չորս ամիս առաջ նա խոսում էր նման մոտեցման կործանարարության մասին։
«ԵՄ երկրների զինված ուժերը «բոնսայ-բանակների» պես մի բան են դարձել. իրականի տեսք ունեն, բայց չափազանց քիչ ռեսուրսներ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ ուղղակի դիմակայության համար»,-անկեղծանում էր պաշտոնյան։
Ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը պարզաբանում է, որ եվրոպացիներին վախեցնող հայտարարությունը դեռ ամբողջ ճշմարտությունը չէ։
«Եվրոպացիներն իսկապես ստիպված են եղել զինամթերք մատակարարել պահեստներից, ինչին նրանք պատրաստ չէին,-նշում է նա,-նրանք ծրագրում էին սահմանափակվել խորհրդային տեխնիկայով և զինամթերքով, բայց արագ սպառեցին այդ պաշարները և սկսեցին ՆԱՏՕ-ի զենքերը փոխանցել։ Ընդ որում` մատակարարումների զգալի մասը ներառում էր դուրս գրված նմուշները»։
Առանձին խնդիր է տեխնիկայի պարկը։ Օրինակ` գերմանական Leopard II տանկերի միայն 45 տոկոսն է պատրաստ մարտական գործողությունների, մյուսները վերանորոգման կարիք ունեն։
«Խնդիրը ոչ միայն այն է, որ սպառազինության եվրոպական պաշարները սպառվում են, այլ նաև այն, որ տեղական ռազմարդյունաբերական համալիրը չի կարող դրանք լրացնել,— ընդգծում է Լեոնկովը,-եթե դեռ 90-ականներին և 2000-ականներին եվրոպական ռազմարդյունաբերությունը մրցում էր ամերիկյանի հետ, ապա հիմա այն զգալիորեն զիջել է դիրքերը»:
Եվ դեռ պարզ չէ` կկարողանա՞ այն աջակցություն ցուցաբերել Կիևին։ Առավել ևս քաղաքական գործիչների` մատակարարումների ծավալները զգալիորեն մեծացնելու մասին բարձրագոչ խոստումների ֆոնին։