Եթե ցամաքային կապը հնարավոր չլինի վերականգնել, պետք է կիրառվի օդային ճանապարհը. Արցախի ՄԻՊ

Գեղամ Ստեփանյան
Արցախի ՄԻՊ–ը հիշեցնում է, որ Ադրբեջանը սպառնացել է վերացնել Ստեփանակերտից թռչող ցանկացած օբյեկտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Եթե Արցախ– Հայաստան ցամաքային կապը հնարավոր չլինի վերականգնել, ապա պետք է կիրառվի օդային ճանապարհը, հատկապես երբ խոսքը վերաբերում է հումանիտար նշանակության հարցերին։ Երևանում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Բայց պետք է նշել, որ Ադրբեջանը նաև այս հարցի վերաբերյալ է խոչընդոտներ հարուցում՝ սպառնալով, որ կվերացնի Ստեփանակերտից թռչող ցանկացած օբյեկտ։ Այսինքն` բոլոր այն ճանապարհները, որ պետք է Արցախը կապեն արտաքին աշխարհի հետ, Ադրբեջանը խաթարում է», - ասաց Ստեփանյանը։
Եթե իրավիճակն այսպես շարունակվի, ըստ ՄԻՊ–ի, այս հարցը պետք է արագ լուծվի Արցախի իշխանությունների միջամտությամբ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։