ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. «Դինամո» մարզական ՀԿ նախկին փոխնախագահ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` 2012-2019 թթ. կազմակերպության նախագահ ու Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով՝ 857 մլն 891 հազար 44 դրամ արժողությամբ, Երևանի քաղաքի Չարենցի փողոցի 72 հասցեում գտնվող անշարժ գույքի վատնման փորձին օժանդակելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Պարզվել է, որ Հայաստանի «Դինամո» մարզական ՀԿ նախագահի նախկին տեղակալ և նույն կազմակերպության ընդհանուր ժողովի քարտուղար Գ.Հ.-ն, որը նաև 2011-2018 թ.–ին զբաղեցրել է ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի պաշտոնը, կատարել է պաշտոնեական կեղծիք։
Մասնավորապես, նա օժանդակել է Վլադիմիր Գասպարյանին, որը նաև 2012-2019 թ.–ին հանդիսացել է կազմակերպության նախագահ, վատնման եղանակով հափշտակել կազմակերպության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 72 հասցեում գտնվող առանձնապես խոշոր չափերի գույքը՝ բաղկացած «Դինամո» լողավազանի շինությունից, դրա հարակից տարածքից և շենք-շինություններից:
Գ.Հ.-ն, գույքի օտարման՝ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանված լինելու պատրանք ստեղծելու նպատակով` 2017 թվականի նոյեմբերի 28-ին, Վլադիմիր Գասպարյանի նախագահությամբ և իր քարտուղարությամբ, կազմակերպության 70 անդամներից 65-ի մասնակցությամբ կազմակերպվել և անցկացվել է արտահերթ ընդհանուր ժողով, որի արդյունքում ժողովի անդամները միաձայն որոշել են Չարենց փողոցի 72 հասցեում գտնվող գույքն անհատույց, որպես սեփականություն հանձնել (նվիրել) «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ին:
Այնուհետև, Գ.Հ.-ն, կեղծ արձանագրության օգտագործմամբ, 2018 թվականի ապրիլի 9-ին, Հայաստանի «Դինամո» մարզական ՀԿ անունից «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ի հետ՝ ի դեմս տնօրեն Ռ.Հ.-ի, նոտարական կարգով կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որի համաձայն՝ նվիրատուն նվիրել է, իսկ նվիրառուն՝ ընդունել 5902,5 քմ սեփականություն հանդիսացող շենք-շինություններից և անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով 1,103556 հեկտար հողամասից բաղկացած, ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափի՝ 857 մլն 891 հազար 44 դրամ արժողությամբ, Երևանի Չարենցի փողոցի 72 հասցեում գտնվող անշարժ գույքը:
Ավելի ուշ պայմանագիրը ներկայացվել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, սակայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մերժվել է, քանի որ օտարման ենթակա, շենք-շինություններով ծանրաբեռնված հողամասը հանդիսացել է ոչ թե հիշյալ կազմակերպության, այլ Երևան համայնքի սեփականությունը։
Մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին դատախազությունը հայտնել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ` Սուսաննա Գասպարյանի նկատմամբ։ Վերջինս` 2000-2011 թթ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ` ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում, աշխատանքի չի հաճախել, սակայն 17 մլն 275 հազար դրամ աշխատավարձ է ստացել։
Իսկ նոյեմբերի 30-ին դատախազությունը հայտնել էր, որ յուրացման և վատման հատկանիշներով քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի դստեր` Յ.Գ.–ի նկատմամբ։ Նա նույնպես տարբեր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանությունում, սակայն աշխատանքի չի հաճախել ու աշխատավարձ է ստացվել։