Աշխարհը կրկի՞ն լուռ կմնա. Ալեն Սիմոնյանը` Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Ալեն Սիմոնյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանքը փակելուն ու Արցախում Ադրբեջանի կողմից գազն անջատելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Աշխարհը կրկի՞ն լուռ կմնա: Թվիթերյան իր էջում նման հռետորական հարց է հնչեցրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։
«Քաղաքացիական հագուստով և սպայական կոչումով այսպես կոչված բնապահպաններն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով` փաստացի պատանդ են վերցրել 120.000 հայ բնակչության: Դրան հաջորդել է Արցախի գազամատակարարման անջատումը: Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ»,–գրել է նա։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Ադրբեջանն այսօր անջատել է նաև Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։