Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհի փակման նպատակը պարզ է՝ հումանիտար ճգնաժամ ստեղծել. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Իրավիճակի վերաբերյալ փաստերը ներկայացվել են միջազգային իրավասու կազմակերպություններին ու դերակատարներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստները» փակել են Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Անգամ սկսնակ ուսումնասիրողի համար «ակտիվիստների» գործելակերպն արտացոլող տեսանյութերն ու տեղում ռուս խաղաղապահների հետ խոսույթի բովանդակությունը բացահայտում է «ակցիայի» շինծու բնույթը, հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

«Ինչպես անցյալ տարի Հայաստան-Արցախ միակ գազատարի տևական խափանման դեպքում, այժմ էլ, աշխարհի հետ Արցախը կապող միակ ճանապարհի փակման նպատակը շատ պարզ է՝ անտանելի հումանիտար ճգնաժամ ստեղծել ու այդպիսիով ստիպել մարդկանց լքել իրենց տներն ու հայրենիքը։ 120 հազարից ավել խաղաղ ծերեր, կանայք, երեխաներ ու տղամարդիկ թակարդում են հայտնվել՝ վտանգված են նրանց կյանքի, առողջության պահպանման, կենսապահովման, ազատ տեղաշարժի և այլ կենսական ու անքակտելի իրավունքները»,-նշված է հայտարարության մեջ։

Քրիստինե Գրիգորյանը շեշտում է՝ Էթնիկ ատելությամբ (հայատյացությամբ) բորբոքվող ու սնուցվող այս քաղաքականությունն ուղիղ արտոնված է ադրբեջանական պետության իշխանությունների կողմից՝ ի հակադրումն միջազգային մարդու իրավունքների, ինչպես նաև այդ պետության կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների։
«Իրավիճակի վերաբերյալ փաստերը ներկայացրել եմ միջազգային իրավասու կազմակերպություններին ու դերակատարներին՝ պահանջելով աներկբա դատապարտել ցեղասպանական քաղաքականության այս ակտը և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու մարդու իրավունքների աղաղակող ու շարունակական այս խախտումները»,-եզրափակել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ ՌԴ խաղաղապահների ադրբեջանական կողմի՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվեց։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան կրկին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որը ժամը 23-ի դրությամբ դեռ փակ էր։