ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում գտնվող մի շարք հիվանդների կյանքին վտանգ է սպառնում, քանի որ նրանց չեն կարողանում տեղափոխել Հայաստանի բուժկենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը։
«Մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում: Ցուցված է նրանց բուժումը և հետազոտությունները շարունակել Երևանում: Շրջափակման հետևանքով նրանց տեղափոխումը Հայաստանի քաղաքային հիվանդանոցներ դարձել է անհնար»,– հայտնել է նա։
Նա ներկայացրել է մի քանի բուժառուի անուններն ու առողջական վիճակը, որոնց տեղափոխումը Հայաստանի հիվանդանոցներ խիստ անհրաժեշտ է։
Նրանցից մեկը միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին, ունի սուր շնչառական անբավարարություն, բրոնխիալ ասթմայի սրացում, մուլտիֆոկալ թոքաբորբ: Ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան: Մեկ այլ հիվանդ ունի օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիա, ստանում է ծրագրային հեմոդիալիզ: Ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան՝ բուժումը շարունակելու համար: Հիվանդներից մեկին էլ ցուցված է սրտի բաց վիրահատություն՝ աորտո-կորոնար շունտավորում, որը պետք է կատարել Երևանում։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 3-ին ևս Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ ՌԴ խաղաղապահների ադրբեջանական կողմի՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։