ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Հովտաշեն համայնքում գործող, Սամվել Լաբլաջյանին պատկանող ձկնաբուծարանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Տեղեկությունը հայտնում է տեսչական մարմինը։
Մշտադիտարկման ընթացքում կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ ձկան մեջ հայտնաբերվել են մանրէաբանական Aeromonas hidrophila բակտերիալ և սապրոլեգնիոզ սնկային հիվանդություններ:
«Մակաբուծական հետազոտությամբ ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել: Ըստ տնտեսավարողի հայտարարության՝ անկումները սկսվել են հոկտեմբերի 29-ից, մոտավոր հաշվարկներով, թաղվել է 58 տոննա ձուկ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ձկների հիվանդությունների ու անկումների մասին տնտեսվարողը չի տեղեկացրել ՍԱՏՄ-ին։
Բացի այդ, ընկերությունը չի պահպանել փաստաթղթավորման կանոնները (ջրի հիդրոքիմիական հետազոտությունների, անասնահամաճարակային վիճակի մասին)։ Տնտեսավարողին հստակ փաստաթղթավորման, մատյանների վարման, ախտահանություն իրականացնելու վերաբերյալ հանձնարարականներ են տրվել: