Արա Աբրահամյանը Լաչինի հարցով խորհրդակցություններ է անցկացնում ՌԴ ղեկավարության հետ

Ռուսաստանի հայերի միության միջազգային կազմակերպություններին և միջազգային հանրությանը կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանի հակամարդկային գործողություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խորհրդակցություններ է անցկացնում ՌԴ ղեկավարության հետ՝ Արցախի խաղաղապահների և բնակիչների նկատմամբ Բաքվի սադրանքների առնչությամբ։ Նման հայտարարություն է տարածել Ռուսաստանի հայերի միությունը։
«Ռուսաստանի հայերի միության դիրքորոշումը` Արցախի ժողովրդի անկախության և իր նախնիների հողում ազատ ապրելու իրավունքի վերաբերյալ, անփոփոխ է մնում։ Համոզված ենք, որ արցախցիների կյանքի և անվտանգության երաշխավոր հանդիսացող ռուս խաղաղապահների նկատմամբ Ադրբեջանի գործողությունները հայերի ֆիզիկական բնաջնջման քաղաքականության շարունակությունն են, նրանցդուրսմղումն իրենց պատմական հողերից` պաշտոնական Բաքվի նպատակը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Արցախի բնակչությանը մարդասիրական աղետի և էթնիկ զտման վտանգի առջև կանգնեցնելով՝ Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անգամ փորձում է Արցախը և նրա բնակիչներին մեկուսացնել արտաքին աշխարհից։
«Հայերի միությունը, սթափ գնահատելով պաշտոնական Բաքվին «քաջություն» հաղորդող աշխարհաքաղաքական իրողությունները, միջազգային կազմակերպություններին և միջազգային հանրությանը կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանի հակամարդկային գործողություններին։ Միաժամանակ հույս ենք հայտնում, որ համատեղ ջանքերով կհաջողվի գտնել մեխանիզմներ` Բաքվին պարտադրելու պահպանել միջազգային և համամարդկային նորմերը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։