ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանի համար նախատեսված 128,8 մլն SDR–ի (մոտ 171,1 մլն դոլար) չափով նոր վարկը։ SDR-ը ԱՄՀ-ի պայմանական հաշվարկային միավորն է, որը հիմնված է հիմնական համաշխարհային արժույթների զամբյուղի վրա: Վարկը նախատեսված է բյուջեի համալրման համար և նպատակային բնույթ չի կրում (Հայաստանի իշխանությունները կարող են այդ միջոցներն օգտագործել ցանկացած բյուջետային ծախսի համար)։
Ընդ որում` կառավարության որոշմամբ միջոցները կվերցնեն ոչ թե անմիջապես, այլ ըստ անհրաժեշտության, եթե տնտեսական ցնցումները չափից ավելի կրճատեն բյուջեի եկամուտները։
Միջոցները (ԱՄՀ-ում Հայաստանի վարկային քվոտայի գրեթե 100 տոկոսի չափով) տրամադրվում են 36 ամսով։ 18,40 մլն SDR-ի (մոտ 24,4 մլն դոլար) չափով առաջին տրանշը հասանելի կդառնա ստորագրումից անմիջապես հետո, իսկ մնացած տրանշերի հասանելիությունը կբացվի ԱՄՀ-ի մոնիտորինգին զուգահեռ, որը կիրականացվի վեց ամիսը մեկ, երկրի իշխանությունների հետ համատեղ։
Հիմնադրամի մասնագետները նշում են, որ Հայաստանի կառավարությունն ուժեղացնում է եկամուտների հավաքագրման և ծախսերի արդյունավետության վերահսկման միջոցառումները, իսկ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունն ուղղված է ավելացող գնաճի զսպմանը: 2021-26 թվականների համար հարկային օրենսդրության և ընդհանուր տնտեսության կառուցվածքային բարեփոխումների փաթեթ է նախատեսված։
Նշենք, որ 2023 թվականին ԱՄՀ-ն Հայաստանի տնտեսության 4,5 տոկոս աճ է կանխատեսում։ Հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության արտաքին պարտքը կազմել է 9 մլրդ 525 մլն դոլար։