Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում. Մարուքյան

Արխիվային լուսանկար
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի խոսքով` Ադրբեջանն Արցախում հանցագործություն է կատարում մարդկության դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն Արցախում էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում՝ կատարելով հանցագործություն մարդկության դեմ։ Իր թվիթերյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նշենք, որ երեկվանից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
«Արդեն մեկ օր է, ինչ ադրբեջանցիներն արգելափակել են Լաչինի միջանցքը։ Մատակարարման միակ ճանապարհը 120 հազար մարդու համար, որից 30 հազար երեխա են: Ադրբեջանը էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում՝ հանցագործություն մարդկության դեմ։ Չնայած միջազգային հանրության լռությանը՝ ԼՂ հայերը դեռ հավատում են իրենց ժողովրդավարական ընտրությանը»,-նշված է գրառման մեջ։
Երեկ Մարուքյանը Ադրբեջանի «բնապահպան ակտիվիստների»՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը փակելը բացահայտ սադրանք էր անվանել։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 3-ին ևս Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ ՌԴ խաղաղապահների ադրբեջանական կողմի՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։