ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Տվյալներ կան, որ ադրբեջանցի «բնապահպաններն» ուղղորդված մարդիկ են, նրանց մեջ կան նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Այս պահին Արցախում 125 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ։ Արցախը նաև օդային հաղորդակցություն չունի որևէ երկրի հետ, արդեն 24 ժամ խաթարված է արցախցու ամենատարրական իրավունքը, և դա կատարվում է Ադրբեջանի նախագահի ուղղորդմամբ ու հրահանգներով»,– ասաց Գեղամ Ստեփանյանը, որը Երևան էր ժամանել երեկ` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին մասնակցելու համար, և այս պահին չի կարողանում վերադառնալ Արցախ, քանի որ ադրբեջանցի «բնապահպանները» երեկվանից փակել են Լաչինի միջանցքը։
Ըստ Արցախի ՄԻՊ–ի` Եվրոպական միությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ` այս պահի դրությամբ Արցախում գտնվող ավելի քան 120 հազար մարդու իրավունքները ոտնահարելու համար։
Նշենք, որ ասուլիսին մասնակցում էր նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Նա պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայում ու Երևան ժամանելուց հետո չի կարողացել վերադառնալ Ստեփանակերտ։
«Արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակելով`ադրբեջանական կողմը փորձում է կաթվածահար անել Արցախը։ Արդեն 29 ժամ է` Արցախը տոտալ շրջափակման մեջ է։ Կլինի՞ դա նախաբան ավելի լայնածավալ գործողությունների համար, կախված է միջազգային հանրության արձագանքներից։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում քայլեր ձեռնարկել և զսպել Ադրբեջանի այդ հայատյաց, մարդատյաց քաղաքականությունը»,– նշեց Արցախի ԱԳ նախարարը։
Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ պաշտոնական Արցախը խնդիրը լուծելու համար առաջարկում է, որ ռուս խաղապահները ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի կողմից ստանան միջազգային մանդատ, քանի որ դա կտա միջազգային լեգիտիմություն և թույլ կտա կանխել Ադրբեջանի սադրանքները։
Նա հավելեց նաև, որ առանց ռուսական խաղաղապահ առաքելության` չկա Արցախի անվտանգություն։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։