Ուժի կիրառումից զերծ մնալը պետք է լինի բացարձակ կարմիր գիծ. ԱԳ փոխնախարար

Պարույր Հովհաննիսյան
Ադրբեջանը մշտապես փորձեր է անում էթնիկական զտում իրականացնել Լեռնային Ղարաբաղում մնացած բնակիչների հանդեպ՝ սպառնալով Լաչինի միջանցքի շահագործմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Եվրամիությունը և նրա անդամ երկրները պետք է որոշակի կարմիր գծեր սահմանեն` նպատակ ունենալով նպաստել մեր տարածաշրջանի անվտանգությանը։ Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը` ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։
Նա խոսել է Ադրբեջանի` Արևելյան գործընկերներից մեկի մասին` ընդգծելով, որ վերջինս ոչ միայն շարունակաբար սպառնում է կրկին ուժ կիրառել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այլև ագրեսիայի մի քանի գործողություն է կատարել՝ բռնազավթելով Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 140 քառ. կմ տարածք։
Նախարարի տեղակալը հիշեցրել է սեպտեմբերի 13-14-ն Ադրբեջանի ձեռնարկելած լայնածավալ ագրեսիան։ Թիրախավորել էին քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածներ, դպրոցներ, հիվանդանոցներ, որի հետևանքով ունեցանք 200 զոհ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։ ԱԹՍ–ների կիրառմամբ հարվածներ էին հասցվել անգամ Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում։
«Ուժի կիրառումից զերծ մնալը պետք է լինի բացարձակ կարմիր գիծ, և այս առնչությամբ երկու կողմերին հավասարապես ուղղված հայտարարությունները, ըստ էության, միայն խրախուսում են ագրեսորին շարունակել իր գործողությունները»,– շեշտել է փոխնախարար Հովհաննիսյանը։
Նա շեշտել է, որ Ադրբեջանը մշտապես փորձեր է անում էթնիկական զտում իրականացնել Լեռնային Ղարաբաղում մնացած 120000 բնակիչների հանդեպ՝ սպառնալով կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի շահագործմանը։ Մինչդեռ դա համաձայնեցվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
Փոխնախարարը նկատել է, որ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում հարաբերությունների կարգավորման շուրջ։ Նրա խոսքով` ռազմատենչ հռետորաբանությամբ և ուժի կիրառման սպառնալիքով Ադրբեջանը փորձում է Հայաստանին ստիպել գնալ զիջումների։
ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների հանդիպումը
«Մենք բարձր ենք գնահատում այն գործընկերներին, ովքեր չեն խուսափում մատնանշել ագրեսորին և բարձրաձայնել ռազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և դրանց հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին»,– շեշտել է Հովհաննիսյանը։
Նա կարևորել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի ամբողջական դուրսբերման պահանջը։ Շեշտել է, որ նրանց շարունակական ներկայությունը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում լուրջ մարտահրավեր է մեր տարածաշրջանում առանց այն էլ փխրուն խաղաղության ու կայունության համար։
Փոխնախարարն անդրադարձել է նաև ԵՄ դիտորդական առաքելությանը։ Նրա խոսքով` քանի դեռ իրավիճակը շարունակում է մնալ շատ փխրուն և Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգը շատ մեծ է, առաքելությունը պետք է շարունակի տեղում կատարել իր կարևոր դերը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Միջադեպի առնչությամբ ՌԴ խաղաղապահները բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ։
Ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվեց։
Այսօր առավոտյան կրկին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 20։00-ի դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ։