ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 12.55-ին ոստիկանության Չարենցավանի բաժին հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին շենքում դանակահարություն է տեղի ունեցել, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը շենքի մուտքի երկրորդ հարկից երրորդ հարկ տանող աստիճանների վրա հայտնաբերել է նույն շենքի բնակիչ 62-ամյա տղամարդու դիակը:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.40-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել 62-ամյա տղամարդու և նույն շենքի 30-ամյա բնակչի միջև, որի ընթացքում էլ 30-ամյա երիտասարդը դանակահարել է 62-ամյա հարևանին՝ պատճառելով մահ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները երիտասարդին քաղաքի 2-րդ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են Չարենցավանի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Սպանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: