ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն, սիգի որսն արգելված է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։ Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։
Սևանա լճում խիստ արգելքը կկիրառվի դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը ներառյալ։
«Միջոցառումների շրջանակում կազմակերպվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր են իրականացվելու նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում»,– տեղեկացնում են նախարարությունից։
Խիստ հսկողություն է սահմանվելու լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա։ Նաև հսկիչ կետեր են տեղադրվելու մարզից դուրս եկող հիմնական ելքերի մոտ, մասնավորապես` Սևան–Երևան` ՃՈ հենակետ, Սևան–Դիլիջանի թունել, Սևան–Վարդենիս` Ճամբարակի խաչմերուկ, Մարտունի–Սելիմի լեռնանցք, Գեղամավան–Վարսեր խաչմերուկ։
Նախարարությունից զգուշացնում են, որ շուրջօրյա հսկողություն է սահմանվելու նաև «Սևան» ազգային պարկում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի համար սիգի արդյունագործական որսի ընդհանուր չափաքանակ էր սահմանվել 600 տոննան։ Դրանից որսվել է 554.86 տոննա սիգ: