ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի առավելապաշտական, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանն ուղղված մոտեցումները տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը խաթարող հիմնական գործոններն են: Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Ժնևի ՄԱԿ գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի բնականոն գործունեության խափանմանն ուղղված քայլերի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրանից բխող վտանգները:
Զրուցակիցներն անդրադարձել են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Չորրորդ գլոբալ ֆորումին։
«ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես ցեղասպանության արհավիրքը վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, ամենաակտիվ կերպով ներգրավված է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանն ու Վիլեգասը խոսել են վերջին 3 տարիներին Հայաստանի` Մարդու իրավունքների խորհրդում ծավալած գործունեությանը։ Անդրադարձել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա սերտ համագործակցությունը, այդ թվում` մարդու իրավունքների ոլորտում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Միջադեպի առնչությամբ ՌԴ խաղաղապահները բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ։
Ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվեց։
Այսօր առավոտյան կրկին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 20։00-ի դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ։