ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Կիևը Ուկրաինայի և Իրանի փորձագետների հանդիպման ժամանակ ապացույցներ չի ներկայացրել, որ Ուկրաինայում Ռուսաստանն իրանական անօդաչուներ է օգտագործում։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ռեզա Աշտիանին։
«Ուկրաինական կողմը տեխնիկական հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, որն ապացուցում է այդ երկրի նկատմամբ պատերազմում Ռուսաստանի կողմից իրանական անօդաչուների կիրառումը», – նախարարի խոսքը հրապարակվել է կառավարության մամուլի ծառայության Telegram–յան ալիքում։
Նախարարը հավելել է, որ Իրանն ու Ռուսաստանը ռազմական ոլորտում վաղուց են համագործակցում, սակայն կրկին հաստատել է, որ երկրները Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունների ժամանակ ԱԹՍ–ների հարցով չեն փոխգործակցել։
Հիշեցնենք` Արևմուտքի երկրները պնդում են, որ Իրանը Ռուսաստանին անօդաչու սարքեր է մատակարարում Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այդ մեղադրանքները։ Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը ՌԴ-ին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, սակայն Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ:
Կրեմլում նաև նշել են, որ իրանական սպառազինության մասին տվյալներ չունեն։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ օգտագործվում է ռուսական տեխնիկա` ռուսական անվանումներով:
ԵՄ-ն ավելի վաղ արդեն պատժամիջոցներ էր սահմանել Թեհրանի դեմ այդ երկրում տիրող իրավիճակի պատճառով, որտեղ զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում: Ի պատասխան այս քայլի` Իրանն ընդլայնել է Եվրամիության դեմ իր պատժամիջոցները։