Խնդիրներ` «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում. չհայտարարված այց է եղել

ՄԻՊ գրասենյակ
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում տարբեր սեռի երեխաներին նույն հիվանդասենյակում են պահել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները դեկտեմբերի 1-ին պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, որտեղ մի շարք խնդիրներ են հայտնաբերվել, տեղեկանում ենք ՄԻՊ պաշտոնական էջից։
Այցի արդյունքում, մասնավորապես, վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները` կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններ են եղել, առկա է բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն։ Բացի այդ, տեղաշարժման հետ կապված դժվարություններ ունեցող անձանց պահանջմունքներին համապատասխան հարմարեցված ֆիզիկական միջավայր չի եղել։ Իսկ բժշկական փաստաթղթերը ոչ պատշաճ կերպով են վարել։
«Բացի այդ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի և զբաղվածության ապահովման հետ կապված խնդիրներ են եղել։ Ինչպես նաև հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման իրավական ընթացակարգերի պահպանման հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել։ Իսկ այլընտրանքային, ոչ դեղորայքային բուժման մեթոդները բացակայել են»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է երեխաների համար նախատեսված բաժանմունքներին, ապա խախտումներ են հայտնաբերվել զսպման միջոցների կիրառման հետ կապված, և տարբեր սեռի երեխաներին նույն հիվանդասենյակում են պահել։
Ի դեպ, կանանց բաժանմունքում էլ հեռախոսակապի հասանելիության խնդիր է եղել։
Նշվում է, որ արձանագրված խնդիրները պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին: