ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Համբարձում Մաթևոսյանին ազատել փոխվարչապետի պաշտոնից»,– ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրում:
Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքն է պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա վստահեցրել է, որ անելու է առավելագույնը Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին նպաստելու համար։
Նշենք, որ Մաթևոսյանը 2021թ․ նոյեմբերի 25-ին էր նշանակվել ՀՀ փոխվարչապետ։ Իսկ մինչ այդ, 2018 թ․ հոկտեմբերի 16-ից նա զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը։
Հիշեցնենք, որ այսօր պաշտոնից հրաժարվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ժաննա Անդրեասյանն էլ ազատվել ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից։