ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կողմ է «Արևելյան գործընկերություն» ծրագրի պահպանմանը։ Նա այդ մասին գրել է Twitter–ում։
«Ամենամյա «Արևելյան գործընկերության» նախարարական հանդիպմանն առաջարկել եմ ընդլայնման գործընթացին զուգահեռ պահպանել այդ քաղաքականությունը որպես տարածաշրջանային համագործակցության գործիք։ Մենք պետք է ակտիվացնենք աշխատանքը անվտանգության և պաշտպանության ոլորտում, շարունակենք համագործակցությունն ի բարօրություն Հարավային Կովկասի անվտանգության, կայունության և բարգավաճման»,– գրել է Բորելը։
ԵՄ անդամ պետությունների և «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպումն անցկացվել է այսօր Բրյուսելում միության արտգործնախարարների խորհրդի շրջանակում։
«Արևելյան գործընկերություն» նախագիծը գործարկվել է 2009 թվականին ԵՄ–ի, անդամ պետությունների և 6 երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների ամրապնդման նպատակով։