Ցեղասպանության հարցում ՀՀ-ն դեռ չի կարող ազդել Թուրքիայի վրա, բայց ամեն ինչ կարող է փոխվել

Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Պրահայում. Արխիվային լուսանկար
Թուրքիայի այսօրվա իշխանությունների օրոք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում որևէ դրական տեղաշարժի մասին խոսք լինել չի կարող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Առայժմ Հայաստանը չի կարող ազդել Թուրքիայի քաղաքականության վրա Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հարցում փոփոխություն ունենալու համար, սակայն Անկարայի մոտեցումները կարող են փոխվել 2023 թվականի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններից հետո։ Այս մասին ասաց Հարավային Կոնեկտիկուտ նահանգի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մարսուբյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի շրջանակներում Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Նրա խոսքով` գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշն արդեն լրջորեն նվազել է, և իրավիճակն իսկապես կարող է բեկումնային դառնալ, եթե իշխանության գա ընդդիմությունը:
«Ոչ ոք, իհարկե, անմիջապես չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն ընդդիմությունը հնարավոր է` ազատ արձակի քաղբանտարկյալներին, որոնք զբաղվում էին նաև այդ թեմայի (ցեղասպանության ճանաչման) առաջխաղացմամբ»,-ասաց Մարսուբյանը:
Փորձագետը կարծում է, որ ներկայումս թուրք հանրությունը պատրաստ չէ ընդունել այն փաստը, որ իրենց պապերը կամ նախապապերը մասնակից են եղել մարդկության դեմ կատարված վայրագ հանցագործությանը։ Խնդիրը խորացնում է նաև պատմության նկատմամբ մոտեցումների տարբերությունը,Թուրքիայի տեսլականը, որը ժխտում է ցեղասպանության փաստը և փակ է քննադատության համար։
Սակայն հույս կա, որ Թուրքիայում իշխանափոխության դեպքում կփոխվի նաև այդ հարցի վերաբերյալ ընդհանուր ուղղվածությունը։
«Եթե կրթական համակարգը բաց լինի, ապա քաղաքացիական հասարակությունը պատրաստ կլինի ընդունել, որ նման բան իսկապես տեղի է ունեցել»,-ասաց Մարսուբյանը:
Այս համատեքստում պրոֆեսորը կարևոր է համարում Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը, քանի որ դա Երևանին թույլ կտա սկսել աշխատել թուրք հանրության հետ` իր օրակարգն առաջ մղելու համար։
Փոխնախագահը նշեց, որ զանգվածային կոտորածը վերապրածների ժառանգների համար Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական փոխհատուցում կդառնա 100-ամյա ժխտումից հետո:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա Մարսուբյանը նշեց, որ դա ոչինչ չի փոխել ցեղասպանության սպառնալիքների և ամբողջ աշխարհում ցեղասպանական գործողությունների մասով։
«ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ազդել է Բաքվի և Անկարայի հետ Վաշինգտոնի փոխհարաբերությունների վրա։ Էրդողանի հետ հարաբերություններն են փչացել, և վերջ»,-ասաց Մարսուբյանը` ընդգծելով, որ Վաշինգտոնը քայլեր չի ձեռնարկել Թուրքիային կանգնեցնելու համար, որն աջակցում և խրախուսում է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղն առանց հայերի թողնելու ձգտումը։
Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Նշենք, որ 2022 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրորդ անգամ անընդմեջ Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն էր որակել։ ԱՄՆ նախագահը հիշեցրել էր, որ 1915թ. ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալեցին հայ մտավորականներին և հասարակական գործիչներին, ինչից էլ սկսվեց Ցեղասպանությունը: