ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցներն իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ: Նման հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը` անդրադառնալով Լաչինի միջանքը փակելուն։
Հայտնել էինք, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
«Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անընդունելի է ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը։ Միաժամանակ`շտաբը քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալով չստուգված տեղեկությունների տարածումից:
Հավելենք, որ ադրբեջանցիները հանդիպում են պահանջել Արցախում տեղակայած ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ՝ պնդելով բնական պաշարների շահագործման անթույլատրելիությունն Արցախի երկու հանքավայրում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 3–ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Միջադեպի մասին տեղեկացվել էին ռուս խաղաղապահները։ Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո նրանց միջնորդությամբ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվեց։