ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ցեղասապանություն երևույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, այլև մի վտանգ և սպառնալիք, որ այսօր էլ գոյություն ունի։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցեղասպանության կանխարգելումն իրական խնդիր է։ Այսօր էլ ցեղասպանության սպառնալիքն ու վտանգը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման մի երևույթ։ Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ, մասնավորապես, ԼՂ բնակչության կողմից ահազանգվում է ցեղասպանությունը որպես սպառնալիք։ Այդ ահազանգերին պետք է լուրջ վերաբերվենք»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` թվում էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մեխանիզմներ է ստեղծել ԼՂ հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու համար, սակայն հետագայում մենք տեսանք իրողություններ, որոնք հնչող մտահոգություններն ավելի առարկայական են դարձնում։
Փաշինյանը նշեց նաև, որ այսօր հետևողական գործողություններ են տեսնում, որոնք ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը ԼՂ–ում իսկապես ցեղասպանություն է նախատեսում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: