ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik․ Աբովյան քաղաքի սեփական տներից մեկում խեղդամահ եղած 78–ամյա կնոջ դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.am-ը։
Նշվում է, որ Աբովյանի շտապօգնությունից ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգը ստացվել է ժամը 09։10-ի սահմաններում։
Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են դեպքի որոշ հանգամանքներ և սպանությունը կատարելու կասկածանքով Կոտայքի մարզում հայտնաբերել ու ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Խ․Մ-ին։ Վերջինիս ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ, որպես կասկածյալ, ձերբակալվել է։
Ոստիկանները սահմանազատել են տարածքը և տեղում կատարել ուժեղացված ծառայություն, քանի որ սպանության վայրում են գտնվել նաև սպանվածի հարազատները։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է սպանված Մ․Ն․-ի դիակի դատաբժշկական փորձաքննություն։