ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի, Sputnik. «Մանկական Եվրատեսիլ-2022»-ում Հայաստանի պատվիրակ Նարե Ղազարյանը վստահ էր, որ մրցույթում գոնե հնգյակում կլիներ, քանի որ պրոֆեսիոնալ թիմի հետ է աշխատել: Այս մասին նա ասաց երաժշտական մրցույթից հետո՝ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան:
«Քվեարկության ժամանակ հուզվել էի, բայց հիմա շատ ուրախ եմ, դրանք երջանկության արցունքներ էին: Սպասում էի, որ արձագանքը շատ մեծ կլինի, որովհետև պրոֆեսիոնալ թիմի հետ էի աշխատում: Վստահ էի, որ մենք գոնե հնգյակում կլինենք, հիմա անգամ 2-րդ տեղում ենք: Ես ռեալիստ եմ ու քաջ գիտակցում եմ, եթե 2-րդ հորիզոնականում եմ, ուրեմն արժանի եմ դրան: Ուրախ եմ, որ Ֆրանսիան հաղթեց, քանի որ Լիսանդրոն էլ (Ֆրանսիայի պատվիրակը, որը հաղթեց մրցույթում- խմբ.) շատ լավ ելույթ ունեցավ ու արժանի էր դրան: Ցանկանում եմ, որպեսզի սա լինի իր կարիերայի ամենափոքր հաջողությունը»,- ասաց Նարեն:
Անդրադառնալով ֆավորիտ երկրներին՝ նա նշեց, որ բոլորին էլ համակրում էր ու մի քանի օրվա ընթացքում, ինչ մասնակիցները Հայաստանում էին, իրենք շատ մտերմացել են: Նարեն նաև ընդգծեց, որ ինքը քվեարկել է 3 անգամ՝ Իռլանդիայի, Իսպանիայի և Անգլիայի մասնակիցների օգտին:
Հիշեցնենք՝ Երևանում անցկացված «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի եզրափակիչ մրցույթում հաղթեց Ֆրանսիան ներկայացանող Լիսանդրոն։
Հայաստանի ներկայացուցիչ Նարեն («DANCE») 180 միավորով գրավեց 2-րդ տեղը։ Երրորդ հորիզոնականը 161 միավորով զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Բիգվավան «I Believe» երգով։
Նարե Ղազարյան
© Sputnik / Aram Nersesyan